«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

«Էս հողին օտարի ոտք չի դիպել». Աղասի Այվազյան (1925-2007), գրող, կինոռեժիսոր

«Էս հողին օտարի ոտք չի դիպել». Աղասի Այվազյան (1925-2007), գրող, կինոռեժիսոր
07.09.2022 | 07:19

Գործի, ընտանիքի մարդ, գյուղացի, հազար ու մի հոգսով, երբեք ուրիշ տեղ գնալու ժամանակ չէր գտել, հիմա դուրս եկավ պտտելու:


Որոշել էր ոտքով ման գալ և տնտղել ամբողջ Հայաստանը. դա այնքան էլ դժվար բան չէր: Ոմն թոշակառու մի քանի տարում Սովետական Միությունն իր բոլոր հանրապետություններով՝ աջ և ձախ, ձախ և աջ, վեր ու վար, վար ու վեր չափեց-ձևեց: Ո´ւր մնաց Հայաստանը:
Այս հայ ոտավոր ճանապարհորդը կարգին ման եկավ հանրապետությունում, հետո Բջնիի, թե Օշականի մոտակայքում կանգնեց, նշան արեց մի տասը մետր հող ու համոզված ասաց.
-Էս հողին օտարի ոտք չի դիպել:
Հավաքվեցին մի քանի գյուղացի, մի խմորոտ ձեռքերով կին, մի գավառացի հովեկ, ծուլորեն ծիծաղեցին՝ քի՞չ ծուռ կա Հայաստանում:
-Բա՞ն գիտես,-հարցրեց խմորոտ ձեռքերով կինը:
-Ինչո՞ւ անպայման էս տասը մետրը,-հարցրեց գավառացի հովեկը:
-Օտարի ոտք չդիպած մի պատառ հող որ չլիներ, բա ո՞նց կմնար էսքան աշխարհը… Մի փոքրիկ տեղ պիտի մնար, որ դառնար Հայաստան: Սա´ է էդ հողը…,-նա նորից նշեց տեղը:-էս հողի վրա թշնամին ոտք չի դրել…
Սովորական հող էր, հայկական, քարքարոտ: Ու մարդիկ, մի տեսակ առանց հավատալու, հավատացին: Բոլորն զգացին, որ մի զարմանալի, թե ծիծաղելի ճշմարտություն կա նրա ասածի մեջ:


Ոտավորը համբուրեց գետինը, մի բուռ հող լցրեց ծոցը և վերադարձավ տուն:
Մարդիկ նայեցին նրա հետևից, հետո օղակեցին հողակտորը և երկար ու լուռ նայում էին, ինչպես կնայեին հուշարձանի:
(«Ոտավորը»)


Կարլ Յալանուզյանի ֆեյսբուքյան էջից

Դիտվել է՝ 13528

Մեկնաբանություններ